Բանակ վերականգնելու փոխարեն ուզում են մեզ համոզել, որ միակ հույսներս Ղազախստանի կամ Ղրղզստանի զինված ուժերն են․ քաղաքագետ

Այսօր մասնակցել եմ «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկմանը։

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ կարևոր մի իրողության, որն այսօր մեծ խնամքով կոծկվում է մեր ժողովրդից։ Մենք անընդհատ և հետևողականորեն կառուցել ենք անվտանգային համակարգ, և ՀԱՊԿ-ը, որպես այդ համակարգի մի մաս, ունեցել է խնդիրների իր շրջանակը, որը պետք է լուծեր։ ՀԱՊԿ-ը եղել է մեր անվտանգության մի մասնիկը, և արժեքավոր է եղել զուտ որպես Հայաստանի անվտանգության համակարգի մի մասնիկ և ոչ թե որպես գլխավոր երաշխավոր, ինչպես դա փորձում է այսօր ներկայացնել Հայաստանի իշխանությունը։

Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի կարևորության ընդգծումը Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականում ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելուն ուղղված քաղաքականություն է, այլ աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների միջոցով սեփական անզորությունը, անտաղանդությունը (մեղմ բառեր եմ ասում, որովհետև իրականում հիմքում սեփական դավաճանությունն է) քողարկելու փորձ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա վեր կենալ, կանգնել ու ասել՝ գիտե՞ք, ադրբեջանցիները եկել, հասել են Ջերմուկ, որովհետև ՀԱՊԿ-ը պետք է մեզ փրկեր, բայց չփրկեց։ Ահա թե ինչպես է այս իշխանությունը զբաղվում մեր երկրի անվտանգությամբ։ Բանակ վերականգնելու փոխարեն ուզում են մեզ համոզել, որ միակ հույսներս Ղազախստանի կամ Ղրղզստանի զինված ուժերն են։

Ստորև տեղադրում եմ ելույթիս տեսագրության հղումը։

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան