Սեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ

Հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը հայտնում է․

«Վաղը՝ սեպտեմբերի 19-ին, Արցախյան պատերազմներում զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, կազմակերպվում է սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և ի խոնարհումն մեր նահատակների։

Միասնական լուռ երթը հարգանքի տուրք է Արցախի ազգային-ազատագրական պայքարի բոլոր տարիներին՝ 1988–2023 թթ., իրենց կյանքը Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրաբերած հայորդիներին։

Հիշատակելու ենք նաև անհայտ կորածներին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերին։

Սեպտեմբերի 19

Ժամը՝ 12։00

Հավաքի վայրը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարի մոտ

Նախատեսվում են ծաղիկների խոնարհում, աղոթք և լռության րոպե։

Երթի մասնակիցները կարող են իրենց հետ բերել զոհվածների և անհայտ կորածների լուսանկարներ, ծաղիկներ, ՀՀ և ԱՀ դրոշներ։

Կարևոր ենք համարում նշել, որ նախաձեռնությունը որևէ կուսակցության կամ կազմակերպության միջոցառում չէ։ Այն զոհվածների ընտանիքների նախաձեռնությունն է և բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ հիշատակի արարողությանը։

Սպասում ենք բոլորին։

Հիշում ենք։ Խոնարհվում ենք։ Չենք մոռանում» ։