ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ Սերդյուկ

ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը՝ «Ռուբեժ-2026» զորավարժությունների մասնակիցներին դիմելիս։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտու սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունության և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների ակտիվացման պայմաններում արագ արձագանքման հավաքական ուժերի հիմնական խնդիրն արտաքին ռազմական ագրեսիայի հետմղմանը և ազգային ու տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին ժամանակին արձագանքելուն պատրաստ լինելն է։

Սերդյուկովը նշել է, որ այս տարի «Ռուբեժ-2026» զորավարժությունների ծրագիրը սերտորեն կապված է Ղազախստանի զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության հիմնական միջոցառման՝ «Վճռական հակահարված-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հետ։

Նա ընդգծել է, որ ուսումնական-մարտական խնդիրների կատարման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համատեղ կառավարման համակարգի ծավալման գործողությանը փուլային նախապատրաստմանը և արագ արձագանքման հավաքական ուժերի մշտական ու կցված ստորաբաժանումների, այդ թվում՝ Ղազախստանի սահմանապահ զորքերի և ազգային գվարդիայի միջև համակարգված փոխգործակցությանը։

Զորավարժությունների բոլոր փուլերում հաշվի է առնվել իրական մարտական փորձը։ Մասնակիցները մշակել են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի, անօդաչու թռչող սարքերի կիրառման ու դրանցից պաշտպանության հարցեր։

Լեռնաանապատային բարդ տեղանքում գործնական խնդիրներ կատարող ստորաբաժանումները ցուցադրել են բարձր մասնագիտական պատրաստվածություն, մարտական վարժվածություն և գործողությունների համակարգվածություն, նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

«Այս միջոցառումը ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զարգացման հերթական քայլն էր։ Լիակատար վստահությամբ կարելի է հայտարարել, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում պատրաստ են դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին», – եզրափակել է Սերդյուկովը։