Եթե բարձր տնտեսական աճ կա, աղքատությունը պետք է մեծանա. էկոնոմիկայի նախարար
Կա ուղիղ կորելյացիա բարձր տնտեսական աճի և բարձր գնաճի միջև: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսինքն ինչքան տնտեսական աճը բարձր է լինում, այնքան մարդիկ սկսում են լավ ապրել, սկսում են ավելի շատ ծախսել, գնումներ կատարել, և դրանով խթանել գնաճը: Մենք հասկանում ենք, որ բարձր տնտեսական աճը, անկախ արտաքին պայմաններից, զուտ ինքն իր հետ բերելու է բարձր գնաճ: Պետության դերը պետք է լինի այն, որ վերաբաշխումներով, նոր աշխատատեղեր ստեղծելով այնպես անի, որ աղքատությունը նվազի, ոչ թե մեծանա:
Որովհետև եթե բարձր տնտեսական աճ կա, հետևաբար գնաճ կա, հետևաբար, եթե ոչինչ չանես, աղքատությունը պետք է մեծանա: Բայց մենք մեր ագրեսիվ գործողություններով պետք է չեզոքացնենք այդ բացասական հետևանքը»,-ասաց նա:

