Ռուսաստանյան առաջարկությունները համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան. Հարությունյան

Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։

Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։

«Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։

Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։

Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար»,- գրել է Հարությունյանը։