Որևէ մեկը կարո՞ղ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, իհարկե, ո՛չ. Փաշինյան
Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։
Հղում անելով նույն փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառում է կատարել. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»,- նշել է Փաշինյանը։
«Ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և տարածաշրջանի բազմակողմանի ապաշրջափակման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործման ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով Կառավարության համապատասխան որոշման մասին։

