Փաշինյանն ընդունել է Իզաբել Դյումոնին և Բրիս Ռոքֆոյին. անդրադարձ է կատարվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին հաղորդում են ՀՀ Կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը կարեւորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն եւ ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը:
Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ:
Կարեւորվել է ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաեւ սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի։

