Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները․ տեղահանված արցախցիները նամակ են հանձնել ՌԴ դեսպանին
«Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»․ այսպիսի պաստառներով տեղահանված արցախցիները ՌԴ դեսպանատան դիմաց են։
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:
Նամակում ասվում է. «Պարոն դեսպան մի երկրի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՀԱՊԿ-ի առաջատար ուժը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամը, և վերջախպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրողներից և այդ հայտարարության երաշխավորներից մեկը:
Ձեզ դիմում են մարդիկ, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զրկվել են հայրենիքից և ժամանակավոր ապասատան են գտել Հայաստանում:
Չնայած նրան, որ այդ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակիշ շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հովանու ներքո, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել մեր մշտական բնակության վայրեր վերադարձի մասով:
Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային և մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները և ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:
Միաժամանակ Ռուսաստանի պաշտոնատար դեմքերը անթաքույց խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության միջազգային կարգավորման չեղարկման մասին՝ փաստացի մենաշնորհայնացնելով կարգավորման գործընթացը:
Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին և նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Արցախի Հանրապետության Շուշիի և Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմեբր-նոյեմբեր ամիսներին»:

