Ադրբեջանում ռազմական բլոգերին ձերբակալել են՝ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անվար Աֆանդիևի՝ Քարվաճառում ականի վրա պայթելու լուրը հանրայնացնելու համար

Ադրբեջանում պատերազմից հետո Իլհամ Ալիևին հայհոյելու համար մարդկանց դեմ քրեական գործեր չեն հարուցում, քննչականներ չեն կանչում։

Կանչում են իհարկե ոմանց, բայց ուրիշ բանի համար։ Օրինակ, երեկ մեկ ամսով ձերբակալել են ռազմական բլոգեր Թոֆիգ Շահմուրադովին՝ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անվար Աֆանդիևի՝ Քարվաճառում ականի վրա պայթելու լուրը հանրայնացնելու համար։

Թոֆիգի որոշ գործընկերների ևս, ովքեր լուրը տարածել են իրենց կայքերում և սոցցանցային էջերում կանչել են, զգուշացումներ տվել ու հորդորել չտարածել չճշտված տեղեկություններ։

Ի դեպ, Անվար Աֆանդիևի հետ կապված՝ պաշտոնական հերքում կամ հաստատում չկա։ Ավելին, նշված անձը գոնե մարդկանց կասկածները ցրելու համար այս օրերին թեկուզ մեկ անգամ չի երևացել եթերում (ինչպես դա եղավ, օրինակ, քառօրյայի ժամանակ Մովսես Հակոբյանի դեպքում), ինչը նշանակում է, որ ստացած վիրավորումը եղել է թերևս բավականին ծանր ու հայտնի չէ՝ կապրի, թե կմեռնի։

Ժամանակավորապես ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի զորամասերից մեկի հրամանատարի ոտքը, ով Անվարի հետ միասին պայթել էր ականի վրա, երեկ ամպուտացրել են և ուղարկել թոշակի։

Անվարի՝ ականի վրա պայթելու մասին լուրը կարող էր և չհայտնվել Թոֆիգ Շահմուրադովի էջում, եթե վերջինիս հովանավորը՝ հիմիկվա ԳՇ պետ Քարիմ Վալիևը մի քիչ ավելի լավ հարաբերություններ ունենար Անվար Աֆանդիևի հետ։

Բայց ինչպես տեսնում ենք, ԳՇ պետին չի հաջողվել ուրախությունը զսպել և դրա արդյունքում հիմա անազատության մեջ նրա հովանավորությունը վայելող ռազմական բլոգերը։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից