Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստն այսօր՝ հուլիսի 8–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունը չէր ստացել։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր պաշտպանյալը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Նրա խոսքով, իր ասածի ապացույցներից մեկն էլ այն, որ 50 օր է՝ դատարանը չի քննում Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման դեմ միջնորդությունը:
«Սա աբսուրդային եւ վառ ապացույցն է այն արդարադատության, որն այսօր կա մեր երկրում: Անհասկանալի պատճառներով նիստերը հետաձգվել են: 50 օրից ավել է՝ մարդ անազատության մեջ է, բողոքարկել է կալանքի եւ կալանքի երկարացման որոշումը, սակայն չի կարողանում իրացնել իր իրավունքը: Ի՞նչ է արել Գերասիմը, ո՞վ կարող է բացատրել: Կամ ի՞նչ է արել, որ ազատության հետ կապված խափանման միջոց կիրառված չէ: Պարզից էլ պարզ է, որ այս գործը քաղաքական բաղադրիչ ունի: Ամենախորացված նիկոլականն էլ այն կտեսնի: Գերասիմ Վարդանյանը քաղբանտարկյալ է, սա ակներեւ է»,- նշեց Գալստյանը:
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում։

