Արցախում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորությունները՝ ընդլայնել. Արտակ Բեգլարյան
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման թվաքանակը պետք է մեծացնել, ինչպես նաև պետք է ընդլայնել նրա լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը։
Նա, որպես դրա պատճառ, անվանել է այն փաստը, որ Ղարաբաղում պատերազմից հետո կողմերի շփման գիծը աճել է գրեթե 2,5 անգամ։ Բեգլարյանը ադրբեջանական կողմին մեղադրել է սահմանին մի շարք միջադեպեր հրահրելու մեջ, այդ թվում՝ այս տարվա մարտին։
Նրա խոսքով, Արցախի իշխանությունները կշարունակեն հանրապետության միջազգային ճանաչման հասնելու ջանքերը։ «Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև Հայաստանի կազմ հանրապետության մտնելու հարցը»,- ասել Բեգլարյանը։
Նա ընդգծել է, որ այժմ Ադրբեջանն իրեն «ուժեղ է զգում», բացի դրանից, Թուրքիան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում, և այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծելու իրենց խնդիրները, հետագայում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»։ Դրա համար Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղության», նշել է Բեգլարյանը։

