2018-ին մի խումբ արկածախնդիրներ իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնելով վերցրեցին իշխանությունը․ Քաղաքագետ

Ցանկացած քաղաքական պայքար հիմնվում է պրոպագանդայի վրա: Պորպագանդան կարող է լինել սև, կարող է լինել սպիտակ, բայց առանց դրա չկա քաղաքական կյանք, ու պետություն էլ չկա: Մեր 30 տարվա քաղաքական կյանքը վկա, երբ 2018-ին մի խումբ արկածախնդիրներ, ովքեր, լինենք անկեղծ, իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնելով վերցրեցին իշխանությունը, որովհետև այդ ժամանակվա գործող իշխանությունը չուներ պրոպագանդա, մարդկանց ասելիք չուներ, այսինքն չուներ կապ հասարակության հետ:

Հիմա անդրադառնանք օրվա խնդրին, որոնք են պրոպագանդայի հիմնական հնարաքները:

  1. Սեւ-Սպիտակ

Ցանկացած նորմալ համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած պայքարի ժամանակ պետք է լինի Սև-Սպիտակի բաժանում, այսինքն հակառակորդին պետք է ներկայացնել որպես Սեւ ուժ, իսկ իրենք ներկայանան որպես Սպիտակ, ինչը 2018-ին քայլողներին հաջողվեց, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց դրա վրա էլ կառուցեցին ընտրությունները:

Հիմիկվա ընդդիմությանը չի հաջողվում գործող իշխանությունը ներկայացնել որպես միակ Սեւ։ Քայլածները գործող ընդդիմությանը ներկայացնում են որպես Սեւ’ թալանչիներ, Ընդդիմությունը իշխանությանին նույնպես Սեւ՝ դավաճաններ: Այսինքն, բաժանումն Սեւի ու Սեւի միջև է։

Նախկին սպիտակները հաջողությամբ վերածվել են սեւի, իսկ սեւերը մնացել են սեւ։ Սպիտակի տեղը մնացել է դատարկ ու դրա համար հանրության մեծ մասը մնում է պասիվ:

  1. Պատերազմ, թե Խաղաղություն

Քայլածների պրոպագանդայի մյուս ձիուկը, որի վրա հեծնել են, դա իրենց Խաղաղությանը ընդդիմության Պատերազմի այլընտրանքն է՝ «Պարտությունը Խաղաղություն է», «Չպարտվելու ձգտումը՝ Պատերազմ»։ Այս բանաձևը ողորմածիկ Օրուելին պետք է հուշել, որ ավելացնի իր հայտնի «1984» գրքում: Սա գործող իշխանության պրոպագանդայի մյուս հնարքն է, ինչը մարդկանց ուղեղների վրա ունի ազդեցություն: 90-ական թվականներին նման մի պետական գործիչ կար, ով ասում էր, որ մեզ բանակ պետք չի, «մեր ուժը մեր թուլության մեջ է»: Հիմա վերադարձել ենք այդ կարգախոսին:

  1. Բացատրության փոխարեն Հարձակում, հասկացությունների փոխատեղում

Գործող վարչապետը ոչ մի մեղադրանքի, ըստ էության, չի պատասխանում, ցանկացած մեղադրանքի ժամանակ սկսում է հարձակվել «նախկինների» վրա, հասկացություններն ու դեպքերը այլափոխելով ու խեղաթյուրելով: Դա պրոպագանդայի հայտնի հնարքներից է, ինչն իրեն լավ հաջողվում է: Եթե նախկինները վատն են, ապա դա իր պարտության ու սխալների արդարացում չէ: Ամեն մեկն իր արածի համար է պատասխանատու, սակայն հանրությունը հեշտությամբ մանիպուլյացիաների է ենթարկվում:

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց դա չի իմ նպատակն, ուղղակի ցանկանում էի ասել, որ ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է կաբինետային աշխատանք՝ ստրատեգիայի, տակտիկայի ու մեթոդաբանության մշակում, այսինքն փաստաթղթերի հետ աշխատանք ու մի քանի լավ դերասան-կատարող առաջին պլանում:

Հ.Գ. Մոռացա ասեմ, կարգախոսների մշակումը հատուկ մասնագիտություն է, գործի կեսից ավելին:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից