Շառլ Միշելն ու Փաշինյանը քննարկել են Հրվ․ Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն առնչվող հարցեր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին Շառլ Միշելը տեղեկացրել է իր թվիթերյան էջում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելու ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու իրենց երկխոսությանը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Շառլ Միշելն ու Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 14-ին։ Զրուցակիցները մտքեր էին փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

