Ազգային ինքնությունը վտանգված է․ Պետք է «ես»-ը դառնա «մենք»

Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գլոբալացող աշխարհում թիրախավորված է ազգային ինքնությունը: Փոխարենը մատուցվում է սոցիալական ինքնությունը: Հայաստանի նման փոքր և հարևանների հարցում հաջողություն չունեցող երկրում դա կարող է ունենալ և ունենում է կործանարար հետևանքներ:

Ըստ փիլիսոփաների, ընդհանուր առմամբ ազգայինն էլ է սոցիալական, բայց սոցիալական ինքնության պարագայում փոխվում են մարդու ինքնանույնականացումները:

Ազգային ինքնության մեջ՝

1) Մեծ դեր ունի ընդհանուր պատմությունը.

2) Ես-ը անջատված չէ Մենք-ից.

3) Ես-ը պայմանավորված է Մենք-ով:

Սոցիալական ինքնության մեջ՝

1) Մեծ դեր ունի միասնական ապագան.

2) առաջնային է դառնում Ես-ի անջատումը Մենք-ից.

3) Ես-ն այն է, ինչ ինքն իրենից ստեղծում է մարդը:

Ազգային ինքնության ձևավորման ընթացքում մեծ դեր է խաղում բարոյականը՝ պատմական զարգացման արդյունքում ձևավորված պատկերացումների և վարքի նորմերի ամբողջությունը: Ընդ որում, ինքնության ձևավորման գործոնների շարքին են դասվում լեզուն, կրոնը, միասնական պատմությունն ու պատմական հիշողությունը, մշակութային ավանդույթներն ու սովորույթները:

Մեր ազգի այս թմրած վիճակը ազգային ինքնությունից (ազգային-բարոյական արժեքներից) հեռանալու հետևանք է:

Որքան էլ ինքներս մեզ խաբենք, որ այս վիճակում մեզ լավ ապագա է սպասվում («ապագա կա»-ի կարգախոսը վկա), ապա դրանից օբյեկտիվ իրականությունը չի փոխվի: Ճշմարտությունը իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ:

Պետք է մեզ հարց տանք՝

  • ինչու չենք հիշում մեր պատմությունը կապված թուրքերի և ադրբեջանցիների հետ.
  • ադրբեջանցին իրեն հաղթողի մեծահոգությա՞մբ է պահում, թե մինչև հիմա գերեվարում է, խլում է, սպանում է.
  • թուրքիան ինչու մինչև այժմ չի ընդունում հայ ազգին ցեղասպանելու իր վարքագիծը.
  • թուրքիան և ադրբեջանը արդյո՞ք ցանկանում են հայ ազգի բարգավաճումը.
  • ինչու՞ են ալիևները հայկական որոշ բնակավայրեր կոչում ադրբեջանական.
  • Հայաստանի իշխանության կողմից Արցախից փաստացի հրաժարվելու վարքագիծը Հայաստանին պաշտպանե՞ց ադրբեջանից, Հայաստանի սահմաններն արդեն անվտա՞նգ են, Հայաստանի սահմանամերձ գյուղերում խաղա՞ղ է, Հայաստանում զինվոր չի՞ զոհվում:

Այս հարցերի պատասխաններն ունենալով, արդյոք ճիշտ եք համարում հայկական իշխանության թշնամասեր քաղաքականությունը և արդյոք այդ քաղաքականությունը մեզ կփրկի կործանումից:

Պետք է հիշենք, որ թուրքը չի տարանջատելու մեզ սևերի, սպիտակների, հարուստների, աղքատների, խելացիների կամ անխելքների: Թուրքը մեզ նայելու է, որպես հայի:

Պետք է հիշենք, որ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն է:

Պետք է վերադառնանք ազգային արժեքներին: Պետք է յուրաքանչյուրիս «ես»-ը դարձնենք «ՄԵՆՔ»:

Հ.Գ. «Հայ» հասկացության մեջ նկատի ունեմ նաև ազգային փոքրամասնություն կազմող մեր եղբայրներին, որոնք հայ ազգի հետ հավասար տառապել են ընդհանուր թշնամիների պատճառով և միշտ մեր կողքին են եղել»: