Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Աբդուլաեւան նշել է, որ «Արդրբեջանի ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ չէ։

«Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է եւ անընդունելի»,-ասել է Աբդուլաեւան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային հրավիրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ պահանջել Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Սրան արձագանքել էր նաեւ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դատապարտելով ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի եւ մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։