Իրաքում ամերիկյան հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը:

Էրբիլի նահանգապետ Օմեդ Խոշնավը հստակեցրել է, որ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։

Տեղի ունեցածի կապակցությամբ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ուժեղացրել է իր հսկողությունը և ամբողջությամբ փակել դիվանագիտական առաքելության տարածքը: