Մակրոնը պատմել է Պուտինի հետ զրույցի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մշտական կապի մեջ է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Մակրոնը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես մշտական կապի մեջ եմ նախագահ Զելենսկու հետ։ Կցանկանայի նշել նրա պատասխանատվության մեծ զգացումը։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակը հաշվի առնելով՝ զանգահարել եմ նախագահ Պուտինին»։
Նրա խոսքով՝ ինքը Պուտինին կրկնել է «ռուսական հարձակումն Ուկրաինայի դեմ դադարեցնելու միջազգային հանրության պահանջը և պնդել է անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը»։
«Երբ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները սկսվեցին, ես նրան խնդրեցի դադարեցնել բոլոր հարվածներն ու հարձակումները խաղաղ բնակչության և բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ու ապահովել հիմնական ճանապարհների անվտանգությունը։ Նա հաստատեց այս կետերով պարտավորություն ստանձնելու իր պատրաստակամությունը։
Ես պահանջեցի պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և խաղաղ բնակիչների պաշտպանությունը, օրինակ՝ օգնության առաքումը: Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացրել ՄԱԿ անվտանգության խորհրդին։
Իրավիճակի վատթարացումից խուսափելու համար ես նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ մնալ։ Մենք կշարունակենք մեր քննարկումները»,- ասել է նա։

