Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա կարևոր իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է նախօրեին Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները․ 28․02․2022

Ներքաղաքական իրադրություն

  • Վլադիմիր Զելենսկին Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար։
  • Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը փակում է 55 սահմանային անցակետեր։
  • Ուկրաինայում զինված անկարգությունների քանակը գնալով աճում է։ Համացանցում շրջանառվում են կադրեր, որոնցում պարզ երևում են զինված քաղաքացիական անձինք, ովքեր մուտք են գործում տներ, փողոցներում մեքենաներ են առգրավում և այլն։ Ուկրաինայում պարենային մթերքը շեշտակի թանկացել է, որոշ բնակավայրերում խանութների դիմաց քաշքշուքներ են տեղի ունենում մթերքի համար։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։ Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի նախագահները կարծում են, որ Ուկրաինան արժանի է Եվրամիությանն անհապաղ անդամակցելուն։ Եվրահանձնաժողովն էլ իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Մեծ յոթնյակի (G7) երկրները Ուկրաինային տրամադրում են զենք ու ռազմամթերք, իսկ Չեխիան ու Հունգարիան` վառելիք ու սնունդ:
  • ԵՄ-ն Ուկրաինային շուրջ 450 մլն եվրոյի ռազմական ինքնաթիռներ կտրամադրի։ Բուլղարիան՝ Миг -29 և Су -25, Լեհաստանն ու Սլովակիան Миг -29։ Հատկացվող ինքնաթիռների քանակը գաղտնի է պահվում։
  • Կոսովոն դիմել է ԱՄՆ-ին` ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով և որ իր երկրի տարածքում տեղակայվի ամերիկյան մշտական ռազմաբազան:
  • Չինաստանը չի աջակցի SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը։
  • Ուկրաինային զենքի մատակարարումները գերմանական կողմից ստիպում են մտածել, թե ավարտվե՞լ է արդյոք «դենացիֆիկացիայի» գործընթացը Գերմանիայում։
  • Լատվիայի քաղաքացիներն օրինական իրավունք են ստացել մտնել «Օտարերկրյա լեգեոնի» շարքերը։ Համապատասխան փոփոխությունները մտցվել են ազգային անվտանգության մասին օրենքում։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է դաշինքի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու հնարավորությունը:
  • Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին առաջարկել է կապի մեջ մնալ առաջիկա օրերի հետ, Ռուսաստանի նախագահը համաձայնել է և նշել, որ Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է միայն անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը հաշվի առնելով, ներառյալ՝ Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչում, ուկրաինական պետության ապառազմականացումն ու ապապետականացումը, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում:
  • Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Լոնդոնը պաշտպանում է Ինտերպոլից Ռուսաստանին հեռացնելու Ուկրաինայի պահանջը:
  • Թուրքիան նախազգուշացրել է բոլոր երկրներին, որ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավեր չի բաց թողնի:
  • Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 2500 հրացան, 150 հազար փամփուշտ, 1500 ՌՊԳ: Լյուքսեմբուրգն Ուկրաինային կտրամադրի «NLAW 100» հակատանկային միջոցներ, ամենագնացներ եւ 15 վրաններ: Խորվաթիան Ուկրաինային կտրամադրի 16,5 մլն եվրո ընդհանուր գումարի հրաձգային զենք եւ անհատական զրահապաշտպան միջոցներ։ Հունգարիան արգելել է Ուկրաինայի համար զենքի տարանցումն իր տարածքով։
  • Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի կողմից սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի գործընկերների համար։

Բանակցություններ

  • Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս ռուսական պատվիրակության հետ բանակցելու համար։ Ուկրաինական կողմից պատվիրակության կազմում են եղել ՊՆ նախարար Ռեզնիկովը, փոխարտգործնախարար Տոչիցկին, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիդ Արախամիան։
  • Տեղի է ունեցել բանակցությունների առաջին ռաունդը,որի հիմնական թեման եղել է կրակի դադարեցումը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցություններում պահանջում է դուրս բերել բոլոր ռուսական զորքերը, այդ թվում Ղրիմից և Դոնբասից: Ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Արեստովիչն ասել է, որ սա իր անձնական դիրքորոշումն է։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են, իսկ կողմերը լքել են խորհրդակցությունների անցկացման վայրը՝ վերադառնալով իրենց մայրաքաղաքներ։
  • Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ բանակցություններում գտել են կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին:

Ռազմական իրադրություն

  • Ռուսական զորքերը ամբողջովին վերահսկողություն են սահմանել Մելիտոպոլ, Բերդյանսկ քաղաքներում։ Դոնեցկում դադարեցվում է համընդհանուր մոբիլիզացիան։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական ռազմական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ողջ տարածքում։
  • Ադրբեջանցիները ուկրաինացի ազգայնականների հետ ջոկատ են կազմել՝ ռուսների դեմ կռվելու համար։
  • ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ իր հրամանով ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի, հեռահար ավիացիայի հրամանատարության կառավարման կետերի հերթապահ հերթափոխներն ուժեղացված կազմով ձեռնամուխ են եղել մարտական հերթապահության իրականացմանը:
  • Խարկովում և Մարիուպոլի մոտ մարտերը շարունակվում են՝ կիրառելով ծանր տեխնիկա։
  • ՌԴ-Պն-ն հայտարարում է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել Կրեմեննոյե բնակավայրի ուղղությամբ ՝ առաջ անցնելով ևս 3 կմ-ով։ ԴԺՀ զինված ուժերի ստորաբաժանումները մեկ օրում առաջ են անցել 16 կմ-ով և գրավել են բնակավայրը։
  • ՌԴ ԶՈՒ հատուկ գործողության մեկնարկից ի վեր խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ։ ՌԴ օդատիեզերական օդուժի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի զրահատեխնիկայի վեց շարասյուն։ Ոչնչացվել են նաև 311 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, 51 համազարկային կայանք, 147 դաշտային հրետանային ականանետեր, 263 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։ Վերջին մեկ օրում զենքերը կամավոր վայր են դրել եւս 110 ուկրաինացի զինծառայողներ։
  • Ուկրաինական լրատվամիջոցները տարածում են ռուսական ռազմական շարասյուններին ուկրաինական զինուժի հարվածների կադրեր։

Միջազգային մամուլ

  • CNN-ը, վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը ներկայում Ուկրաինա է ուղարկել սահմանին տեղակայված իր զինծառայողների մոտ 75 տոկոսը:
  • «The TIME» պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները դեռ չի տեսել Մինսկի կողմից իր զորքերն Ուկրաինայի տարածք մտցնելու որևէ փորձ։ Սակայն ԱՄՆ հետախուզությունը արձանագրել է հակամարտության գոտում մասնավոր ռազմական ընկերությունների ներկայացուցիչների հայտնվելը։