44-օրյա պատերազմից հետո ինձ շատ են օգնել Ակսել Բակունցի զեկույցները` կապված սահմանային խնդիրների ու վեճերի հետ. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

44-օրյա պատերազմից հետո ինձ շատ են օգնել Ակսել Բակունցի զեկույցները` կապված սահմանային խնդիրների ու վեճերի հետ։

Հաճախ էր պատում զգացումը, որ մենք ապրում ենք 1920-ականներին, որովհետև մեր սահմանային բնակիչները բախվել էին նույն խնդիրների նույն պատճառներով, ինչ 100 տարի առաջ:

Հաճախ էի մտածում. ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվում է ու այն էլ 100 տարին մեկ անգամ: Չափից շատ բան էր համընկնում:

Զայրանում էի, որ այդպես էլ պատմությունից դասեր չենք քաղել, որ թեթևամիտ ենք վերաբերվել մեր անվտանգության հարցերին, բայց փոխարենը ինչքան անկարևոր թեմա լինի, մեծ աղմուկով «շեղվում ենք» ու մոռանում մեր հիմնական անելիքների մասին:

Այդ զեկույցներն, օրինակ, ցույց էին տալիս, թե ինչպես էին այն ժամանակ ադրբեջանական իշխանությունները սովորեցնում ծայրահեղականներին հարձակումներ գործել հայ գյուղացիների նկատմամբ, կազմակերպում էին բողոքներ հայ գյուղացիների դեմ, թույլ չէին տալիս, որ հայերն օգտագործեին արոտավայրերը և այլն։

Նման փաստաթղթերը կարևոր են` հասկանալու համար մեր սխալները նախկինում և այն, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանային բնակիչների իրավունքները։

«Նյումեգ» (Newmag) հրատարակչության նախաձեռնած Գրքի ձմեռային փառատոնի բացման ելույթս։

 

Արման  Թաթոյան

ՀՀ ՄԻՊ