Այսօր գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է

Փետրվարի 5-ը գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է։

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է 1879 թվականին Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։

Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թվականին Երևանի պետական համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն երեք տարի անց։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։

Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։