Բաքուն ԿԽՄԿ-ին ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքը։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի արտգործանախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Արցախում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, արտգործնախարարը նշեց, որ այստեղ ակնհայտ է նաև Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին` մարդասիրական կազմակերպությանը, ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ։ Նախարարը հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որը նախկինում ևս աշխատել է Արցախում։ Իսկ հիմա Ադրբեջանը դա էլ է սահմանափակում։

«Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն և բոլոր հարցերի լուծում, մեր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Եվ այստեղ պահանջվում է Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշում»,- ասաց նախարարը։