«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն առանց էքսցեսների է անցել․ ՌՀՄ

Ռուսաստանի հայերի միությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների, իսկ մնացած վարկածները, որոնք բարձրաձայնվում են Մարկովի ու մյուսների կողմից, վերջիններիս հովանավորների երազանքներն են։

Գեղարվեստական ֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կենտրոնում։

Միությունն իր տարածած հաղորդագրության մեջ նաև հայտնում է, որ հետաքննություն է նախաձեռնելու բոլոր այն սադրիչների նկատմամբ, ովքեր, ֆիլմի ցուցադրության փաստն օգտագործելով, փորձել են սևացնել կազմակերպությանը, պղծել մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ կողք կողքի պայքարել են ու հաղթել ֆաշիզմը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը։