Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել․Սեյրան Օհանյան

Արմեն Սարգսյանը չի կարողացել լիարժեք կատարել իր լիազորությունները: Նա պարտականություն ուներ Սահմանադրությունը պահելու՝ Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսանալու հետ կապված, սակայն իր պարտականությունները չի կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանին հրաժարականին:

Ըստ Ս. Օհանյանի՝ Արմեն Սարգսյանը լուռ համաձայնությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա.
«Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ»,-ասաց պատգամավորը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է Հայաստանին և ինքը խուսափում է այդ ամենից։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ իրենք դեռ չեն քննարկել նախագահի թեկնածու առաջադրելու հարցը, քննարկումներից հետո հանդես կգան հայտարարությամբ: