Հրամանատարն ու հիվանդ զինվորը
Հայտնի է, որ Դիլմանի ճակատամարտի (1915, ապրիլ) հաղթական ելքով ոչ միայն կանխվեց թուրքերի ներխուժումը Կովկաս, այլև փրկվեց օրհասական պաշարման մեջ գտնվող Վանը: Ճակատամարտում առանցքային դեր ունեցած Անդրանիկը անմիջապես փակեց դեպի Վան տանող ճանապարհները, որպեսզի նահանջող Խալիլ փաշան իր կատաղությունը չթափի Վանի պաշտպանների ու բնակչության վրա: Մոտենալով Վանին՝ Անդրանիկը երկու օրով հանգրվանեց Վարագա վանքում: Վանում գտնվող երևելիները (ապագա քաղաքապետ Ավետիս Թերզիբաշյան, Արամ Մանուկյան, Պարույր Լևոնյան և այլն) շտապեցին Վարագ՝ այցելելու իրենց ազատարարին: Իսկ թե Վարագում ինչպիսին տեսան Անդրանիկին՝ պատմում է Ավետիս Թերզիբաշյանը.
«Անդրանիկը իր սենյակը չգտանք մենք և, պահակին ցուցմունքին վրա զայն փնտռելու գացինք բանակին (կամավորներու մեջ գործածական բառը) մեջ: Պ.Պետրոս՝ հեռուեն ինծի ցույց տվավ Սասունի հերոսը, որ ընկուզենիի մը հովանիի ներքև բանակած խումբի մը մեջ, հասարակ զինվորի մը քով նստած և թևը անոր ուսին ձգած՝ կը խոսակցեր անոր հետ:
Քիչ մը ավելի մոտ, նկատեցի որ զինվորը հիվանդ մըն էր, չափազանց տժգույն հիվանդ մը:
Նկարիչ մը որպիսի՜ նյութ պիտի գտնար իր վրձինին համար, այն պարզունակ ընտանության մեջ, որով հրամանատարը, իր հիվանդ զինվորին քով՝ եղբոր մը պես նստած, անոր կը շռայլեր իր գուրգուրանքը: Գորովի զգացումը, որ կը զեղուր այդ րոպեին Անդրանիկի համակրելի դեմքին վրա, որպիսի՞ երանգ պիտի կրնար տալ այդ նկարին:
Երբ, վանքի հոգաբարձության անունով բարի գալուստ մաղթեցի Անդրանիկին, ան՝ շնորհակալության խոսքերը կես թողած, ինծի հարցուց.
– Վանի մեջ լավ բժիշկներ կա՞ն:
– Ռուս բանակին բժիշկները կան, հետո, միսիոնար մը՝ Տոքտ. Աշըր:
– Բանակին բժիշկները վիրաբույժներ կըլլան առհասարակ: Սաքոս,- ըսավ ան համակրալիր ժպիտով մը ծռելով դեպի հիվանդին աչքերը,- ստամոքսին մեջ ցավ մը ունի, զոր բանակին բժիշկներեն և ոչ մեկը կրցավ հասկնալ: Այս անտեր ստամոքսն ալ սիրտին պես է, չի տեսնվիր:
Ես չպիտի անդրադառնայի Անդրանիկի այս հյումորին, եթե ան՝ նոր ժպիտով մը, որ այս անգամ գորով կը բուրեր, ըսած չըլլար.
– Բայց Սաքոյիս սիրտը կը տեսնվի, ան ոսիկիե է. Տիլմանի մեջ ան առյուծի պես կռվեցավ:
Եվ, որպես թե համբուրել ուզեր զինվորը, Անդրանիկ գլուխը այնքան հակեց անոր ուսերուն վրա, որ երկար փափախը անոր գլուխեն վար ինկավ հիվանդին գոգը…»:
Կարո Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

