Որոշում է կայացվել. ընթանում է վեց լիդերների հանդիպումը

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայված Վազգեն Մանուկյանի գրասենյակում այս պահին ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ որոշվելու է Հայրենիքի փրկության ճակատի ապագան։

Լուրեր կային, որ ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը, սակայն մենք տեղեկացանք, որ կտրուկ հայտարարություններ չեն լինի՝ դեռեւս որոշ ժամանակ փորձելու են այս ֆորմատը աշխատեցնել եւ մասնավորապես՝ փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կազմակերպել։ Իսկ մինչ այդ նախատեսում են վաղը՝ փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի առիթով հավաքվել Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ «բողոքի ձայն բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ», քանի որ նիստի օրակարգում ընդգրկված են «հակապետական օրինագծեր»: Քաղաքացիներին կոչ են արել ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։