Ոստիկանները փակել են Փարաքարի համայնքապետարանի մուտքը
Արմավիր մարզի Փարաքար համայնքում ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը:
Որից հետո Վոլոդյա Գրիգորյանը քաղաքացիների ուղեկցությամբ մոտեցավ համայնքապետարանի շենքին, սակայն այնտեղ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել և թույլ չէին տալիս ներս մտնել:
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը ոստիկաններին խնդրեցին թույլ տալ, որ Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաև ավագանու անդամ է: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը, իսկ պատճառներն իմանալու համար խնդրեց գրավոր դիմել ոստիկանություն: Նա նաև նշեց, որ ավագանու տասն անդամները ծանուցվել են, որ գործը գտնվում է դատարանում։
Մանե Թանդիլյանը բարձրախոսով հայտարարեց՝ ոստիկանները 10 րոպե ժամանակ ունեն վերացնելու համայնքապետարանի շենքի ապօրինի շրջափակումը, հակառակ դեպքում կհանդիպեն այլ վայրում։
«Սա ապօրինի շրջափակում է, սա իշխանության զավթում է, պարտավոր են դադարեցնել ՏԻՄ գործունեության խոչընդոտը, պետք է վերացնեն շրջափակումը և թույլ տան ավագանու անդամներն անցնեն իրենց աշխատանքին։ Ոստիկանները գրավել են համայնքապետարանի շենքը, պետք է նման հրահանգ տվողները և կատարողները պատասխանատվության ենթարկվեն։ Դատարան դիմելը ավագանու անդամներին շենք մտնել թույլ չտալու հիմք չէ»,-ասաց Թանդիլյանը։
Հայտնի դարձավ, որ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու արդյունքները։
Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

