Ծեծում են պատուհանս

Բացում եմ դուռը և դեմ առ դեմ հանդիպում նրան: Աշնան անձրև` միալա՜ր, տաղտկա՜լի և սա՜ռը, սա՜ռը, սա՜ռը:

Բարձրացնում եմ օձիքս, գլուխս ներս քաշում, ուսերիս մեջ, և կամա՜ց – կամա՜ց քայլում դեպի մոտակա ծառուղին:

Մայթերին թախիծ կա թափված` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն ու սևացած թախիծ:

Զբոսայգում դատարկություն է տիրում: Անցուղիներում և կանաչ գազոններում թափթփված տխրություն կա` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն…

Ես քայլում եմ զբոսայգու մշուշի միջով, իսկ մշուշը փախչում է ինձնից: Մեկիկ-մեկիկ դեմս են ելնում մերկացած ծառերը, որոնք տխրել են շրջապատի ճնշող լռությունից: Ծառուղիներում շերտ – շերտ թախիծ կա դարսած` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն…

Ես դուրս եկա անցուղուց ու սկսեցի տրորել ծառատակերի դարս-դարս եղած թախիծը` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն:

Թախծի տակ թավիշ կա` լվացված, մաքրված թավիշ:

Հետո ես կանգնեցի, ետ քաշեցի թրջված մազերս ու նայեցի իմ ոտնահետքերին: Տրորվել էր թավիշը զմրուխտ, իսկ թախիծը մի սև կածան է դարձել իմ ճանապարհին:

Ես սկսեցի թախիծ հավաքել` կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն, սև՜ …

Դարս–դարս հավաքելով թախիծը, ես վերադարձա` ճեղքելով մշուշն աշնանային:

Տան բոլոր ծաղկամաններում թախիծը տեղավորելով` դուրս եկա լվացվելու: Երբ ներս եկա, սենյակում բորբոսահոտ էր տարածվել ու գունավոր թախիծ:

Իսկ երբ հայելուն նայեցի, այնտեղ մի ծերունի տեսա` ուսերը կորացած, դեմքին կնճիռներ և աչքերում մշուշը աշնան:

Կանա՜չ, կարմի՜ր, դեղի՜ն …

Աշոտ Մինասյան

Մ.Ա.Հ.

Աշոտ Մինասյան Երկաթի ֆեյսբուքյան էջից