Հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը կհուղարկավորվի հայրենի Ոսկեվանում

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում  հերոսաբար զոհված, ՀՀ զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, գ. Ոսկեվան 5 Փ.4 Նրբ., տուն 7 հասցեում (իրենց տանը): Հուղարկավորությունը` նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին: Այս մասին տեղեկացրել է Ոսկեվանի գյուղապետարանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ռոստամ Մուրադովը Բաքվից հենց 31-ամյան Տարոնի մարմինն էր բերել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Տարոնի մարմինը խոշտանգված է եղել, և նա սպանվել է գերության մեջ։ Սակայն ավելի ուշ այս տեղեկությունները հերքվեցին։ Զինծառայողի հարազատները լրատվամիջոցներին փոխանցել էին դատական բժշկի խոսքերը, որ մարմինը խոշտանգված չէ, բեկորային վնասվածքներով է։ Ավագ լեյտենանտի եղբայրը՝ Ռոման Սահակյանը ևս նշել էր, որ եղբայրը զոհվել է բեկորային վնասվածքից։ «Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից», – նշել է Ռոմանը:

Փաստին անդրադարձել էր նաև լրագրող Ոսկան Սարգսյանը գրելով՝ Տարոն Սահակյանը հերոսաբար է զոհվել, նռնակ պայթեցնելով։ «Այսօր Բաքվից գեներալ Մուրադովը օդանավով Հայաստան է բերել իմ սանիկի՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը։ Համացանցում տարբեր տեղեկություններ են նրա զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Ճշտված տեղեկություններով՝ Տարոն Սահակյանը եղել է մարտական դիրքում, երբ թվով գերակշիռ ադրբեջանցի զինվորականները պահանջել են հանձնել դիրքը։ Գումարտակի հրամանատարը դուրս է եկել նրանց ընդառաջ, ադրբեջանցի զինվորականները սկսել են նրան նեղել, այդ ժամանակ հենակետից դուրս է եկել և ադրբեջանցիներին դիմագրավել Տարոն Սահակյանը։ Նա դեմ լինելով դիրքի հանձնմանը՝ նռնակ է նետել, թե դրանից քանի՞ ադրբեջանցի զինվորական է սպանվել, ինձ հայտնի չէ, սակայն նռնակի երկու բեկորները խոցել են Տարոնին՝ սրտից ներքև և թոքի շրջանում։ Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաև ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց քաջաբար, հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են»,- գրել է լրագրողը։

31-ամյա տավուշցի զինծառայողը վերջին ամիսներին էր ծառայության անցել Ջերմուկում, ամուսնացած էր, վեցամյա որդի ուներ։

Նշենք, որ Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, ՊՆ այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։