Պարտադրվա՞ծ, թե ցանկալի խաղաղություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորային սպա Արթուր Գրիգորյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի  ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մենք ուզում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից արձագանք չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի լռում են։ Կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,-ասել է Ալիևը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ Ալիևի այս հայտարարություններին՝ ասելով, որ այսօրվա խոցելի վիճակում Հայաստանը պետք է ամեն ինչ անի՝ ժամանակ շահելու և այդ պայմանագրի ստորագրումն անժամկետ հետաձգելու համար, ինչպես որ Արցախյան առաջին պատերազմից հետո արեց Ադրբեջանը, և հզորանալուց հետո պատերազմի միջոցով փորձեց լուծել Արցախի հարցը։ Այնուհանդերձ, հաղորդման հյուրի կարծիքով, այս դեպքում էլ չհաջողեց, քանի որ Արցախի չգրավված տարածքներում շարունակում է ապրել բնիկ ժողովուրդը, որն ինքնորոշվելու իրավունք ունի։

Անդրադարձանք նաև նոյեմբերին ՌԴ, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպմանը և այդ հանդիպման հետ կապված հանրության մտահոգություններին։ Արդյո՞ք Հայաստանի համար հերթական ճակատագրական փաստաթուղթը կստորագրվի։

Ի՞նչ նպատակ է հետապնդում խորհրդարանական ընդդիմության՝ նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիան, և արդյո՞ք այս անգամ ավելի վճռական կլինի ընդդիմությւնը իշխանությունների մտադրությունները տապալելու հարցում։ Արթուր Գրիգորյանը թերահավատ է ընդդիմության քայլերի հարցում՝ համարելով, որ այս անգամվա ակցիան չի տարբերվի վեցամսյա ակցիաներից, որոնք ոչ միայն արդյունավետ չէին, այլև լեգիտիմացրեցին այս իշխանությունների հայրենադավ քայլերը։

Մանրամասները՝ տեսանյութում