Նոբելյան մրցանակակիրը սփյուռքահայ հայտնի գրողի որդին է
Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկաբնակ գիտնական Արտեմ Պատապուտյանը (Փաթափության) սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Այս մասին հայտնում է Aliqmedia.am-ը:
Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում, 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակած գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի անդամ, 1987 թվականից բնակվում է Լոս Անջելեսում:
Իր «Արշիլ Գորկի» վեպի համար Սարգիս Վահագնը արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», սփյուռքի նախարարության կողմից՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանները:
Ինչպես տեղեկացրել էինք, բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը (Փաթափությանը) և Դեյվիդ Ջուլիուսը:

