Հայազգի Արտեմ Պատապուտյանը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում դարձել է Նոբելյան մրցանակակիր

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Դևիդ Ջուլիուսը և հայազգի Արտեմ Պատապուտյանը։ Նրանց պարգևատրել են ջերմաստիճանի, ցավի ու ճնշման համար պատասխանատու ընկալիչների հայտնաբերման համար, հայտնում է Euronews-ը:

Գիտնականների հայտնագործությունը «հեղափոխական» են անվանել բժշկության զարգացման հարցում։

Պատապուտյանը ծնունդով Բեյրութից է, մասնագիտացած է մոլեկուլային և նեյրոկենսաբանության ոլորտում:

Այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանակը կհանձնվի այն երկրում, որտեղ գտնվում են դափնեկիրները, ոչ թե Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ ավանդական արարողության ժամանակ:

Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ մրցանակը հանձնվում է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում կարևոր հայտնագործությունների համար: Մրցանակը շնորհում է Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի Նոբելյան վեհաժողովը։ Մրցանակին առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների գիտնականներ։

Այն շնորհվում է 1901 թվականից: Առաջին դափնեկիրը գերմանացի բժիշկ, մանրէաբան և իմունոլոգ Էմիլ Ադոլֆ Ֆոն Բերինգն է, որը դիֆթերիայի դեմ պատվաստման միջոց է մշակել: