Օրակարգում է նաև գանձարանից 1.5 մլրդ դրամի թանկարժեք քարեր ու զարդեր աճուրդի հանելու հարցը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցն է, որ չզեկուցվող հարցերի թվում է։

Նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պատական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը: Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:

Այդ որոշմամբ կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:

Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 28 հարցերից միայն 2-ն են զեկուցվող: Հարցերից 7-ը վերաբերում է Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելուն: