Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք՝ փախստակա՞ն ենք, թե վերաբնակիչ ենք․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի իրենց ձայնն են բարձրացրել Արցախի Հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի շրջանի բնակիչները։ Արցախից բռնագաղթած քաղաքացիները պնդում են, որ իրենք դուրս են մնացել պետության  հոգացության շրջանակից:

«Մենք Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք՝ փախստակա՞ն ենք, թե վերաբնակիչ ենք: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում: Ու մեզ Արցախում ոչ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է»,-ասում է հադրուցի տղամարդը:

«Հայաստանի կառավարությունը հյուրընկալության փող էր տալիս, վարձը տալիս ենք, բայց հեսա էդ էլ են ուզում կտրեն: Երեւանում ամենաէժան տան վարձը 100 հազար դրամ է: Ո՞նց  անենք, որ կարողանանք վարձը տանք, մյուս կոմունալները տանք: Ասում են՝ եկեք Արցախ, բայց էնտեղ էլ տուն չկա, որ տան, ապրենք: Ես Հադրութում 3 հարկանի տուն եմ սարքել, որ տղես վարձով չմնա, էսօր տունս մնացել է Ալիևին: Հիմա իմ պատասխանն ո՞վ է տալիս: Եթե Հադրութը մեզ տան, 100 տոկոսով, հենց էսօր բոլորս կգնանք: Ասում են՝ գնա Մարտակերտ: Հենա թուրքը մտել ա տուն, երեխեքին վախեցրել է: Թող Արայիկ Հարությունյանն ու Հայկ Խանումյանը գնան Մարտակերտ: Աղաջանյան Կամոն կռվից հետո եկել է Հայաստան, բա թող գնա Ղարաբաղում ապրի»,-ասում է հադրութցին:

Մասնակիցներից մեկն էլ համոզված է․  «Պատերազմում պարտվել ենք, որովհետեւ 1994-ից սկսած մեր բանակը թալանել են. սալյարկա էլ են գողացել, հոսանք էլ են գողացել: Մեր գենոերալը Հադրութում մեծ օբյեկտ ուներ, որի հոսանքն ու ջուրը բանակից էր գալիս: Ինքը մի կոպեկ չէր տալիս: Թալանել են, դրա համար էլ պարտվել ենք: Մենք էդ կռիվը չենք կազմակերպել, դրա համար էլ պարտվել ենք: Որ դուք էդ գեներալների, նախագահների տները տեսնեք, կպատկերացնեք, թե ինչի ենք մենք պարտվել: Զենք պետք է առներ, ոչ թե տուն»,-ասում է նա:

Հադրութցիները հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և ճշտում են դրա օրն ու ժամը:

Ցուցարարները հայտնեցին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու և դրանք կանցկացվեն նաև օտարեկրյա դեսպանատների դիմաց: