Ինչպես է ապահովվել ՔՊ-ի հաղթանակը, կամ` «հաղթական» ընտրությունների մեխանիկան. 2

Սկիզբը` այստեղ

 

Նիկոլենք տարածում էին, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն իբր միայն ողջունել է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացումը և որևէ էական խախտում չի արձանագրել։ Իսկ այդպե՞ս է արդյոք…

Վերոնշյալ առաքելության 2021թ. հունիսի 20-ի «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությամբ» արձանագրվել են հետևյալ խախտումները, ինչպես նաև խախտումների վերաբերյալ հաղորդումները՝

– ճնշումներ ընտրողների կամքի վրա,

– անթույլատրելի կուտակումներ ինչպես տեղամասերում, այնպես էլ հարակից տարածքներում,

–  ընտրակաշառքի դեպքեր,

– բազմաթիվ ոտնձգություններ են կատարվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարած լրագրողների նկատմամբ,

– պաշտոնյաների կողմից այնպիսի պայմաններում քարոզարշավի իրականացում, որը խնդրահարույց է և դժվար է սահմանազատել որպես պաշտոնական դիրքի չարաշահումից զերծ գործունեություն,

– Նիկոլ Փաշինյանի կողմից խախտվել է «լռության օրը»,

– ընտրական գործընթացի ծախսերը հնարավոր է եղել թաքցնել, ինչի հնարավորությունը տվել է օրենսդրությունը,

– ընտրատեղամասերի 7 տոկոսի մոտակայքում եղել են քարոզչական նյութեր,

– առանձին տեղամասերում գտնվել են ոչ իրավասու անձինք,

– արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտումներ, իսկ ընտրատեղամասերից 2 տոկոսում (խոսքը շուրջ 40 ընտրատեղամասի մասին է) արձանագրվել են չօգտագործված քվեաթերթիկները դուրս հանելու դեպքեր,

– ձայների վերահաշվարկով որոշ տեղամասերում արձանագրվել են էական շեղումներ:

Այս ամենը դեռ միայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վերոնշյալ հայտարարությունում արձանագրված խախտումների, ինչպես նաև խախտումների վերաբերյալ հաղորդումների մասին է: Ընդ որում, ընթերցողների գնահատականին թողնենք որոշելը` դրանք էական խախտումներ չե՞ն, թե էական խախտումներ են: Անդրադառնանք նաև դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ` «Ականատես» կազմակերպության արձանագրած խախտումներին.

– թույլ են տրվել վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դեպքեր ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ բուն քվեարկության շրջանակներում,

– արձամագրվել են հանրային հեռուստաընկերության կողմից ոչ հավասարակշռված լուսաբանումներ,

– քարոզչական ծախսերի վերահսկման օրենսդրական հիմքերը կատարյալ չեն և թույլ չեն տալիս լիարժեք բացահայտելու դրանց իրավաչափությունը,

– պարբերաբար թշնամության և ատելության «խոսույթ» է տարածվել ՔՊ կուսակցության առաջնորդի կողմից,

– ՔՊ կուսակցության միջոցառումների ընթացքում պարբերաբար խոչընդոտել են դիտորդական առաքելության բնակոն աշխատանքներին և այլն:

Վերոնշյալ կազմակերպության կողմից նաև ընդգծվել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը էական փոփոխության չեն ենթարկվել, ինչը մտահոգության տեղիք է տալիս ու խնդրահարույց դարձնում վերջիններիս աշխատանքի անաչառությունը: Ընդ որում, շրջանցելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, առանձին տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են եղել հանրային ծառայողներ, ինչը վարչական ռեսուրսների չարաշահման տեսանկյունից խնդրահարույց է դիտարկվել: Մտահոգության տեղիք է տվել նաև այն, որ հիշյալ հանձնաժողովներում ընդգրկված են եղել կուսակցականներ, նախկինում ընտրական իրավունքի խախտումների համար պատասխանատվության ենթարկված անձինք և այլն:

Ինչպես արդեն նշեցինք, ընտրական գործընթացն իրականացվել է ատելության խոսքի տարածմամբ: Այն աննախադեպ ու համակարգված բնույթ է ունեցել, ինչը ևս անդառնալի կերպով հանգեցրել է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումներին։  Մասնավորապես, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում, տարբեր հանդիպումների ժամանակ հանդես է եկել ատելության, սպառնալիքի հետևյալ կոչերով, որոնցից վերջինը թերևս նաև բռնության կոչ է.

-08.06.2021թ.` «Դրանց սաղին բռնելու եմ, շինեմ»:

08.06.2021 թ.` «Ճակատից շարեմ` կասեք բռնությունա»:

– 08.06.2021 թ.` «Հանկարծ չփորձեք թպրտալ», «Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր»:

– 08.06.2021 թ.` «կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու…. »:

– 13.06.2021 թ.` «Ընտրություններից հետո այ էս պողպատե մանդատով գալու ենք ձեր հետևից»:

– 14.06.2021 թ.` «Ավշարի այս հրապարակում անձամբ ասֆալտին եմ պառկեցնելու»:

– 15.06.2021 թ.` «կկոտրենք, կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»:

– 15.06.2021 թ.` «բոլորիդ լիազորում եմ տեղում պողպատե մանդատավորել ստահակներին»:

Ընդ որում, վերը շարադրվածը եղածի դեռ սոսկ մի մասն է…

 

Արթուր Հովհաննիսյան