Ինչպես է ապահովվել ՔՊ-ի հաղթանակը, կամ` «հաղթական» ընտրությունների մեխանիկան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ տեղեկացրեց, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասի քվեարկության արդյունքները, որի արդյունքում տեղամասերից 33-ում «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ դրանցից 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Այսպիսով ստացվում է, որ ավելի քան 2000 ընտրատեղամասից վերահաշվարկ է կատարվել դրանց սոսկ չնչին մասում` 83-ում (մոտ 4 տոկոսում), և նույնիսկ այդ դեպքում 83 տեղամասից 50-ում (որտեղ քվեարկության արդյունքների վերահաշվարկ է կատարվել), այսինքն` շուրջ 60 տոկոսում սխալ հաշվարկի փաստեր են հայտնաբերվել, դեռ չենք խոսում ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցություն ունեցած այլ խախտումների մասին, ինչպիսին է, օրինակ, իշխանության կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, չարաշահումը:

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, որպես իրավական փաստ, դատարանն արձանագրել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման փաստը:

Հիմա տեսնենք, թե ԱԺ մուտք գործելու իրավունք ստացած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված կողմ քվեների ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ընդամենը 83 տեղամասում քվեների վերահաշվարկի արդյունքում.

«Հայաստան» դաշինք  +742

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն  +654

«Պատիվ ունեմ» դաշինք   +3

Ակնհայտ է, որ վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքն 88 քվեով ավելի է ստացել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կարելի է պատկերացնել ոմանց ժպիտը, ծիծաղը կամ քմծիծաղը ու տրվող հեգնական հարցը` ընդամենը ութսունութո՞վ…  Ի՞նչ կարող է փոխել այդ 88-ը… Մի շտապեք:

Ինչպես արդեն նշեցինք, վերահաշվարկվել են ավելի քան 2000 ընտրատեղամասից ընդամենը 83- ի (մոտ 4 տոկոսի) քվերակության արդյունքները, և եթե հիմք ընդունենք նույնիսկ նշված վերահաշվարկի արդյունքում կատարված փոփոխությունները ու պատկերացնենք, որ «Հայաստան» դաշինքի օգտին տրված քվեների պակաս հաշվարկի նույն կամ գրեթե նույն պատկերը, նույն վիճակագրությունն առկա է նաև մյուս տեղամասերում կատարված հաշվարկների պարագայում, ապա կստացվի, որ «Հայաստան» դաշինքը ստացել է ոչ թե, ըստ ԿԸՀ-ի հաստատած ընտրությունների նախնական արդյունքների, 268 300 քվե (21,04 %), այլ 18 550-ով ավելին, այսինքն` 286 850 քվե (մոտ 21,50 %):

Այնուհանդերձ, պարզ է, որ եթե բոլոր տեղամասերի քվերակության արդյունքների վերահաշվարկ կատարվեր ու «Հայաստան» դաշինքին տրված քվեների քանակն ավելանար այնքանով, որքանով նշված է վերևում, միևնույն է, ՔՊ-ն քվեների 50 տոկոսից ավելին կունենար, հետևաբար հենց ինքը կունենար վարչապետ ընտրելու և իշխանություն ձևավորելու հնարավորությունը: ԲԱՅՑ…

Առաջինը, որին հարկ է ուշադրություն դարձնել, այն է, որ վերոնշյալ 83 տեղամասերի մեծ մասում քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են ամենևին էլ ոչ «Հայաստան» դաշինքի (դաշինքի ընտրացուցակում ընդգրկված պատգամավորների, վստահված անձանց) կողմից ներկայացված վերահաշվարկի մասին դիմումների հիման վրա: Հարց է առաջանում` իսկ ո՞ր կուսակցությունների, դաշինքների…

Պարզվում է, հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «սատելիտ», համախոհ, աշխարհաքաղաքական և արժեհամակարգային հարցերում Նիկոլի ու ՔՊ-ի նպատակները հետապնդող, բայց արտաքուստ, ձևականորեն ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերի… Վերահաշվարկների մի մասն էլ կատարվել է ընտրատարածքային հանձնաժողովների և ԿՀԸ-ի նախաձեռնությամբ:

Ուշագրավ է, որ ՔՊ-ի օգտին տրված, սակայն պակաս հաշվարկված, արձանագրված քվեները, մասնավորապես, դրանց խոշոր տարբերությունները հայտնաբերվել են եթե ոչ բացառապես, ապա հիմնականում այն տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկով, որոնց արդյունքների վերահաշվարկի մասին դիմումները տրվել են հենց վերոնշյալ «սատելիտ» քաղաքական ուժերի պատգամավորության թեկնածուների, վստահված անձանց կողմից:

Ավելին. ընդհանուր թվով 83 տեղամասից 33-ի (որոնցում կատարված քվեարկության արդյունքների վերահաշվարկով «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված քվեների տարբերություններ չեն հայտնաբերվել, ավելացումներ, պակասեցումներ չեն կատարվել) քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են հիմնականում տարածքային ընտրական հանձնաժողովների և ԿՀԸ-ի նախաձեռնությամբ: Ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ են նրանք դիմել այդ քայլին…

 

Կարո՞ղ ենք ենթադրել (իսկ ինչո՞ւ ոչ…), որ վերոնշյալ «սատելիտների» ներկայացուցիչները դիմել են հենց այն տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար, որտեղ ՔՊ-ի օգտին քվեների միտումնավոր ու համեմատաբար խոշոր տարբերություններով պակաս հաշվարկ է կատարվել հեռահար նպատակով, և ինչի մասին իրենք նախապես տեղեկացվել են, ավելին` շահագրգիռ ուժի կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց (կամ այն քաղաքական ուժին, որին ներկայացնում են) խնդրվել կամ առաջարկվել (ուղղորդվել) է դիմել հենց այդ տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի նպատակով…

Չէ՞ որ վերահաշվարկի արդյունքում փաստացի ստեղծվել է այն տպավորությունը, թե սկզբնական հաշվարկի արդյունքով միայն «Հայաստան» դաշինքին տրված քվեները չէ, որ պակաս են ներկայացվել, ընդ որում, առանձին տեղամասերում, այլ տեղամասերի արդյունքների համեմատ, խոշոր տարբերություններով:

Այո, տեղամասերից 50-ի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում վերոնշյալ պատկերն է ստացվել, բայց առավել քան համոզված եմ, որ մնացած ավելի քան 1900 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դեպքում նույն պատկերը չի ստացվի ու կպարզվի, որ ՔՊ-ին տրված քվեները, հատկապես գյուղերում գտնվող տեղամասերում, սկզբնական հաշվարկի արդյունքում էապես ավել են հաշվարկվել, իսկ «Հայաստան» դաշինքին տրված քվեները` էապես պակաս: Ընդ որում, խոսքն այնպիսի էական տարբերությունների մասին է, որոնց հաշվառման պարագայում ՔՊ-ի ստացած քվեները 50 տոկոսից պակաս կլինեն, ինչը կհանգեցնի ընտրությունների 2-րդ փուլի:

Կարո՞ղ ենք ենթադրել (իսկ ինչո՞ւ ոչ…), որ տարածքային ընտրական հանձնաժողովների և ԿԸՀ-ի նախաձեռնությամբ հիմնականում այն տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկն է կատարվել, որոնց առնչությամբ նախապես տեղեկացված են եղել, որ այնտեղ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված քվեների որևէ սխալ (ավել կամ պակաս) հաշվարկ կատարված չէ: Հնարավոր նպատակը` ստեղծել երևութականություն, թե տեղամասերի ավելի քան մեկ երրորդում վերոնշյալ քաղաքական ուժերին տրված քվեների որևէ սխալ հաշվարկ չի կատարվել:

Անհասկանալի է, գուցե «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բացատրեն, թե ինչո՞ւ, Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածին համապատասխան, չեն դիմել տարածքային ընտրական հանձնաժողովներին` թեկուզ ևս մոտ 700 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկման համար, որի արդյունքում նույնպես ՔՊ-ն կարող էր քվեների 50 տոկոսը չստանալ (հիմա այլևս դիմել չեն կարող, ժամկետը բաց է թողնված): Մոտ 700-ի, և ոչ թե բոլոր տեղամասերի, որովհետև Ընտրական օրենսգիրքը, ցավոք, իր արհեստական, թերևս միտումնավոր սահմանափակումների հետևանքով գործնականում չի տալիս բոլոր տեղամասերում վերահաշվարկի հնարավորություն (սահմանված ժամկետները, հանձնաժողովների անդամների քանակները չեն բավականացնում):

«Հայաստան» դաշինք ունի՞ վստահություն, որ սահմանադրական արդարադատության համար իր պայքարը կտա ցանկալի արդյունքը, ՍԴ-ն կչեղարկի ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ կնշանակվեն… Եթե ունի նշված վստահությունը և այն արդարացված է, խնդիր չկա, ուրեմն իզուր է այս հոդվածում առկա մտահոգությունը: Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք…

Այո, ՔՊ-ի հաղթանակը չի ապահովվել միայն նրա օգտին իրականում տրված քվեներն ավել հաշվելով (ինչը, համոզված եմ, չի սահմանափակվում սոսկ առանձին տեղամասերի արդյունքների առնչությամբ պարզվածով), իսկ «Հայաստան»-ի օգտին տրված քվեները պակաս հաշվելով: Եղել են և՛ վարչական ռեսուրսի չարաշահում, որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու նպատակով զինվորների ուղղորդում` որոշ դեպքերում նրանց նույնիսկ տալով տվյալ ուժի քվեաթերթիկը ծրարի մեջ նախապես դրված, և՛ այլ ընտրախախտումներ, որոնց դեռ կանդրադառնանք: Եթե այդ ամենը չլիներ, շատ հնարավոր է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին իրականում տրված քվեների ընդհանուր տոկոսը գերազանցեր 50-ը և ոչ թե ՔՊ-ն, այլ հենց նրանք հնարավորություն ստանային վարչապետ ընտրելու և իշխանություն ձևավորելու:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան