Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Հայտարարություն
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում մի շարք փաստաբանների անունից հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այս պահին ավելի քան 150 փաստաբանների՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթթինգով սպառնալու, դատավորների և ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու միջոցով՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը և հանրաքվեն.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կանխել փաստաբանների և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ուղղորդված ճնշումները.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մերժել է փաստաբանի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրինագծերը Ազգային ժողով ներկայացնելու Փաստաբանների պալատի նախաձեռնությունները (դատական տուգանքի վերացում, փաստաբանին վիրավորելու համար պատասխանատվություն, կալանավորված փաստաբանի հետ փաստաբանների պալատի ներկայացուցչի հանդիպման հնարավորություն և այլն).
- վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն անհարկի երկարաձգել է արտակարգ և ռազմական դրությունները, դրանով իսկ խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման, հավաքների կազմակերպման և մասնակցության, խոսքի ազատության և այլ իրավունքները.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը կրթության և գիտության ոլորտներում իրականացրել է Հայաստանի ազգային շահերից չբխող քաղաքականություն.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը փոխանցվել են Ադրբեջանին, Հայաստանը և Արցախը կրել են մարդկային մեծ կորուստներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պայմաններում ստորագրել է Արցախի և Հայաստանի շահերին վերաբերող նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ի հակասումն իր իսկ խոստումների, որ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվելու.
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելուց հետո չի կարողանում (ի զորու չէ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում՝ չի կարողանում լուծել ռազմագերիների, անհայտ կորածների, ինչպես նաև Հայաստանի սահմանները պահպանելու հարցերը:
Վերոնշյալ և բազմաթիվ այլ սխալների հետևանքով վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավական անվտանգությունը:
Հայտարարությունը բաց է փաստաբանների միանալու համար»:

