Նոյեմբերի 22-ին ՌԴ հայկական եկեղեցիներում ոգեկոչման արարողություններ կանցկացվեն՝ ի հիշատակ ԼՂ-ում զոհված զինծառայողների
Նոյեմբերի 22-ին ՌԴ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությանը հղումով:
ՌԴ տարածքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն ունի 36 եկեղեցի:
Ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ են արել նոյեմբերի 22-ը հայտարարել ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում այդ օրը հիշատակի ոգեկոչման արարողություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

