Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում. ովքեր են նրանք, որտեղից են և ինչով են զինված. Комсомольская правда-ի անդրադարձը

Ռուսական Комсомольская правда պարբերականի ռազմական թղթակից Վիկտոր Բարանեցը փորձել է պարզել, թե ինչպիսին է լինելու ռուսական խաղաղապահ զորամիավորումը Լեռնային Ղարաբաղում:

Ի՞նչ զորամաս կկանգնի ադրբեջանցիների և հայերի միջև

Սա Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադն է (MRB): Այն տեղակայված է Ռոշինսկի գյուղում (Սամարայի մարզ): 15-րդ բրիգադը Ռուսաստանի Զինված ուժերի միակ խաղաղապահ բրիգադն է և ներառված է ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերում: Այն ամբողջությամբ համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով:

Ինչի՞ց է բաղկացած բրիգադը

15-րդ բրիգադի կազմում ներառված են շտաբը, 3 մոտոհրաձգային և 1 տանկային գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, զենիթահրթիռահրետանային դիվիզիոն, հետախուզական գումարտակ, ինժեներասակրավորական գումարտակ, վերակառուցման գումարտակ, նյութաապահովման գումարտակ, կրակային վաշտ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վաշտ, ԱԹՍ-ների վաշտ, ռադիոէլեկտրոնային պայքարի վաշտ, հրամանատարական վաշտ, բժշկական վաշտ, հրետանային հետախուզության վաշտ, կառավարման  և ռադիոտեղորոշման հետախուզական դասակ, հրահանգիչների դասակ, երաժշտախումբ:

Բրիգադի հրամանատարն է գնդապետ Կոնստանտին Նեչաևը:

Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը տեղեկություններ էր հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին՝ նշելով, որ տարածաշրջանում երկու երկրները դադարեցրել են ռազմական գործողությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուդսկոյը նշել է, որ ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցքը և Լաչին-Լիսագոր ճանապարհի մի հատվածը՝ հաստատելով ժամանակավոր վերահսկող դիրքեր:

«Ռուսական զորամիավորման հիմնական մասը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից, ընդհանուր թիվը՝ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ առաքելության իրականացումն ապահովելու համար նախատեսվում է նաև օգտագործել բանակային ավիացիա ու անօդաչու սարքերի համալիրներ»,- նշել է Ռուդսկոյը և հավելել, որ արդեն իսկ մեկ օրում ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխվել 414 խաղաղապահ, 8 ուղղաթիռ, 54 միավոր ավտոմեքենա, հատուկ տեխնիկա, ինչպես նաև անօդաչու սարքերի 2 համալիր:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտի ուղարկված խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական օպերացիաների իրականացման փորձ ունի:

Նշվում է, որ սահմանապահ զորամիավորումը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ այդ թվում ԲՏՌ-81Ա զրահամեքենաներով, «Վագր» և «Թայֆուն» մեքենաներով և այլն: Ռուդսկոյը մանրամասնել է նաև, որ ռուսական զինվորակաները ուղիղ կապի միջոցներ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՝ խաղաղապահների անվտանգության ապահովման և պատահարների կանխման համար. այս նպատակով ստեղծվել է նաև մարտական ղեկավարության հատուկ խումբ:

Ռուդսկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծերի և Լաչինի միջանցքի երկայնքով հաստատվելու է 16 դիտակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված պայմանավորվածությունների իրականացման, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հավաքագրման, դրանք օպերատիվ կերպով մինչև խաղաղապահ ուժերի ղեկավարությանը հասցնելու և խաղաղ բնակիչների նկատմամբ հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով:

«Խաղաղապահ օպերացիայի իրականացման շրջաններում նաև առաջադրանքներ են կատարելու ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմում են ներառված: Նրանց վրա կողմերի շփման գծով պարեկության սահմանման, մեքենաների և բեռների շարասյունների ուղեկցման պարտականությունն է ընկած»,- նշել է նա: