«Ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցքը և Լաչին-Լիսագոր ճանապարհի մի հատվածը». ՌԴ ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը տեղեկություններ է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին՝ նշելով, որ տարածաշրջանում երկու երկրները դադարեցրել են ռազմական գործողությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուդսկոյը նշել է, որ ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցքը և Լաչին-Լիսագոր ճանապարհի մի հատվածը՝ հաստատելով ժամանակավոր վերահսկող դիրքեր:

«Ռուսական զորամիավորման հիմնական մասը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից, ընդհանուր թիվը՝ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ առաքելության իրականացումն ապահովելու համար նախատեսվում է նաև օգտագործել բանակային ավիացիա ու անօդաչու սարքերի համալիրներ»,- նշել է Ռուդսկոյը և հավելել, որ արդեն իսկ մեկ օրում ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխվել 414 խաղաղապահ, 8 ուղղաթիռ, 54 միավոր ավտոմեքենա, հատուկ տեխնիկա, ինչպես նաև անօդաչու սարքերի 2 համալիր:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտի ուղարկված խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական օպերացիաների իրականացման փորձ ունի:

Նշվում է, որ սահմանապահ զորամիավորումը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ այդ թվում ԲՏՌ-81Ա զրահամեքենաներով, «Վագր» և «Թայֆուն» մեքենաներով և այլն: Ռուդսկոյը մանրամասնել է նաև, որ ռուսական զինվորակաները ուղիղ կապի միջոցներ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՝ խաղաղապահների անվտանգության ապահովման և պատահարների կանխման համար. այս նպատակով ստեղծվել է նաև մարտական ղեկավարության հատուկ խումբ:

Ռուդսկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծերի և Լաչինի միջանցքի երկայնքով հաստատվելու է 16 դիտակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված պայմանավորվածությունների իրականացման, զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հավաքագրման, դրանք օպերատիվ կերպով մինչև խաղաղապահ ուժերի ղեկավարությանը հասցնելու և խաղաղ բնակիչների նկատմամբ հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով:

«Խաղաղապահ օպերացիայի իրականացման շրջաններում նաև առաջադրանքներ են կատարելու ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորակազմում են ներառված: Նրանց վրա կողմերի շփման գծով պարեկության սահմանման, մեքենաների և բեռների շարասյուների ուղեկցման պարտականությունն է ընկած»,- նշել է նա: