«Աշխարհին հետաքրքրում է ոչ թե Ղարաբաղը, այլ՝ փողը». ինչպես են գոյատևում հրթիռակոծությունների տակ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հոդվածագիր Անտոն Լիսիցինը ներկայացնում է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովի և փոխնախարար Միքայել Համբարձումյանի երկխոսությունը, և նկատում, որ Օսիպովը խոսում է իրավիճակի մասին այնպես, կարծես գրականության բաց դաս է վարում՝ հստակ ձայնով և հմուտ առոգանությամբ:
Հոդվածից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.
«Այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես օրագրում գրել եմ. «Անիծյալ պատերազմ»», – նա ցույց է տալիս սեղանի վրա դրված օրացույցը: Պատուհանից դուրս լսվում են ռմբակոծություններ. Ղարաբաղի ՀՕՊ-ը պայքարում է Ստեփանակերտի երկնքի համար:
Երբ Օսիպովը նշում է, որ իր աշակերտներն առաջնագծում են, ձայնը խզվում է: Փոխնախարար Միքայել Համբարձումյանը նրան ուշադիր լսում է, ապա խախտում մենախոսությունը` թեմա բացելով աշխարհի արձագանքի մասին:
«Երբեմն զարմանում եմ ձեզ վրա, Ռուբե՛ն Ալեքսանդրովիչ: Աշխարհը թքած ունի, Ղարաբաղը աշխարհին հետաքրքիր չէ: Աշխարհը հետաքրքրված է փողով, բայց մենք փող չունենք»,- կտրուկ ընդհատում է նա իր գործընկերոջը: Համբարձումյանի որդին առաջնագծում է: Օսիպովը փորձում է հակադարձել և հիմնավորել իր տեսակետը. «Ահա մի տարեց կին շրջում է քաղաքում: Եթե նա ռմբակոծության տակ ընկնի, ինչ-որ մեկը դրանից օգուտ կունենա՞»:
«Կունենա,-սառնասրտորեն պատասխանում է Համբարձումյանը,-ինչ-որ մեկը ավելի շատ գումար կաշխատի զենքի վաճառքից»:
Բայց չէ՞ որ Ադրբեջանն իր ճշմարտությունն ունի, և այնտեղ ևս ուզում են փախստականներին վերադարձնել իրենց տները: Օսիպովի այս արտահայտությունից հետո փոխնախարարի ինքնազսպումը միանգամից անհետանում է:
«Բաքվում չկա փախստականների մեծ համայնք: Նրանք խոսում են միլիոնից, թեև հենց իրենց իսկ վիճակագրությամբ՝ Զանգելանում ապրել է 3500 մարդ, իսկ հիմա հաշվում են 80 հազար: Չէր կարող այստեղ 1 միլիոն մարդ ապրել»:
«Եվ հետո ինչո՞ւ նրանք չեն հիշում մեր փախստականների մասին… Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից»,-վրդովվում է Համբարձումյանը:
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ապրել Ադրբեջանում, Օսիպովն ու Համբարձումյանը միաբերան պատասխանում են՝ ո՛չ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում