Ալեքսիս Օհանյանը ԱՄՆ-ին և Գերմանիային կոչ է արել՝ զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով

Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր, հայկական արմատներով գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով Ամերիկայի ու Գերմանիայի առաջնորդներին զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով:

«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան: Ես կոչ եմ անում ԱՄՆ-ին, իմ կառավարությանը, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ու Թուրքիայի բռնատիրական հարձակումները հայերի վրա, կիրառեն պատժամիջոցներ և պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել»,-ասել է գործարարը:

Ալեքսիս Օհանյանը նաև ընդգծել է, որ ԼՂ-ում պատերազմի առնչությամբ լռում է մի երկիր, որը ջերմորեն ընդունել է իր՝ ցեղասպանությունից փրկված  նախապապերին:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, նաև քաղաքացիական հիվանդանոց։