ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ԱՔԾ գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել են ԼՂ-ում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի մասին պայմանավորվածությունը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- ասվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։