Ռուս զինվորականները Սիրիայի քրդերին սպառնալիքով են «զգաստացրել»…
Եկեք կրկին ուշադրություն դարձնենք Հյուսիսային Սիրիայում տիրող իրավիճակին: Ըստ ամենայնի, տեղի քրդերը որոշեցին «խաղալ» մի կողմից` Ռուսաստանի և Իրանի, իսկ մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների միջև եղած հակասությունների վրա: Այսինքն՝ նրանք փորձեցին ձգել այն իրադրությունը, երբ նրանք (Սիրիայի քրդերը) բալանսավորվում էին նշված կողմերի միջև և ինչ-որ բան «շահում» իրենց համար: Այլ բան է, որ, արդյունքում, Սիրիայի քրդերի «ձեռքբերումները» ոչ միանշանակ և երկիմաստ էին, բայց հիմա սրա մասին չէ խոսքը…
Այսպիսով, սեպտեմբերի 24-ին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» համաարաբական թերթը (հրատարակվում է Լոնդոնում) հաղորդում է, որ Ռուսաստանի զինված ուժերի և ամերիկամետ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբա-քրդական դաշինքի (նրա կազմի մեջ գլխավոր դեր են խաղում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»-YPG) ղեկավարության միջև լարվածությունն առաջացավ Սիրիայի հյուսիս-արևելքում այն բանից հետո, երբ SDF զինված ստորաբաժանումները թույլ տվեցին, որ ԱՄՆ պարեկությունը մուտք գործի Հասեկե նահանգի Թել Թամար քաղաք: Ըստ թերթի՝ բանը հասել է նրան, որ ռուսական զորքերի հրամանատարությունը սպառնացել է քրդերին լքել Թել Թամարը և «մեն-մենակ թողնել» մոտակայքում գտնվող թուրքական բանակի ստորաբաժանումների հետ: Այստեղ ավելացնենք. ամերիկյան զինվորականները թուրքերին թույլ տվեցին մնալ Թել Թամարի ծայրամասերում: Իսկ SDF-ի քրդերն այժմ թույլ են տվել ամերիկացիներին մտնել Թել Թամար, քանի որ նրանք գիտեին և տեսնում էին, որ սիրիական բանակը և իրանամետ շիա աշխարհազորայինները պատրաստվում են վերահսկել քաղաքը: Հուսով ենք, որ հայ ընթերցողներն ամեն ինչ հասկանում են: Քրդերը որոշեցին «կազմակերպել», այս դեպքում`ԱՄՆ-ի հետ ռուս-իրանական դաշինքի շահերի բախումը…
Թել Թամարը տեղակայված է M-4 ռազմավարական մայրուղու վրա (Հալեպ-Լաթաքիա- Ալ Քամիշլի)՝ Ռաս ալ Այն քաղաքից հարավ, որը ներկայումս վերահսկվում է Թուրքիայի կողմից: «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ի աղբյուրները նշում են, որ ամերիկյան պարեկը ավելի վաղ ժամանել էր Թել Թամար, ինչը զայրացրեց ռուս զինվորականներին և հանգեցրեց նրանց բախմանը SDF դաշտային հրամանատարների հետ, որն «ավարտվեց այն սպառնալիքով, որ ռուսական զորքերը դուրս կբերվեն, եթե ամերիկյան պարեկը կրկին վերադառնա քաղաք»: Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ենթադրյալ հեռացումը Թալ Թամարից SDF-ին և քրդական YPG-ին ուղղակի հակամարտության մեջ կնետի՝ թուրքական բանակի և Անկարայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակի» զինյալների (ահաբեկիչների) հետ, «քանի որ տարածաշրջանում ռուսական ուժերը կազմում են բուֆեր, որը թույլ չի տալիս թուրքական ուժերին առաջխաղացում կատարել»: Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարածքում տեղակայեց իր ուժերը անցած տարվա հոկտեմբերին՝ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, երբ այդ երկրի բանակը ներխուժեց Սիրիայի հյուսիս-արևելք «Խաղաղության աղբյուր» հակաահաբեկչական գործողության շրջանակներում (իսկ պաշտոնական Անկարայի կողմից քրդական YPG- ները համարվում են «ահաբեկչական կազմակերպություն», որը կապված է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ): Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի զինված ուժերը անցած տարվա հոկտեմբերի 9-ին գործողություն էին սկսել Եփրատ գետից արևելք գտնվող Սիրիայի տարածքներում: Թուրքերը պնդում էին, որ գործողությունը կվերացնի Թուրքիայի դեմ ահաբեկչական սպառնալիքը և կստեղծի «անվտանգության գոտի», ուր կվերադառնան սիրիացի փախստականները: Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հարևան արաբական երկրում իր «հակաահաբեկչական» առաքելության որպես հիմնական նպատակ՝ հայտարարեց 32 կիլոմետրանոց «անվտանգության գոտու» ստեղծումը: Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք ժամանած ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո, Անկարան դադարեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում:
Համաձայն Սոչիի հուշագրի, որն ընդունվել է հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների արդյունքում, սիրիացի սահմանապահները և ՌԴ ռազմական ոստիկանությունը պետք է դուրս բերեն քրդական YPG ստորաբաժանումները և նրանց սպառազինությունները մինչև հոկտեմբերի 29-ը՝ «անվտանգության գոտուց» թուրք-սիրիական սահմանից հարավ գտնվող 30 կմ խորության տարածքից: Այնուհետև, 2019 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը սկսեցին համատեղ հսկել ավելի նեղ գոտին, 10 կմ երկայնքով՝ սահմանի սիրիական կողմում գտնվող «անվտանգության գոտուց» դեպի արևմուտք և արևելք: Եվ այդ ժամանակվանից այս տարածքի քրդերը փաստորեն համալրեցին սիրիական բանակի շարքերը, ինչը նրանց ազատեց զորքերը դուրս բերելու պարտավորությունից: Բայց Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, պարտավորություններ են դրել քրդերի առջև, մասնավորապես՝ նպաստել այդ հողերի վերամիավորմանը Սիրիայի մնացած մասերի հետ և չթողնել ԱՄՆ զորքերը քրդական բնակավայրեր: Իրավիճակը լարված և իսկապես շփոթեցնող է, քրդերի գործողությունները ընկնում են «սադրանք» սահմանման տակ…
Սերգեյ Շաքարյանց

