Դիմակ չկրելու պատճառով կնոջը բերման ենթարկելու միջադեպով Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել
Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ, ըստ սոցկայքերում շրջանառվող տեսանյութի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում մի քանի ոստիկաններ մի կնոջ էին փորձում բերման ենթարկել դիմակի համար, թեև վերջինս պնդել էր, թե ինքը դիմակով է եղել:
Խառնաշփոթի մեջ կինը փորձել է փախուստի դիմել։ Ավելի ուշ ոստիկանները նրան, այնուամենայնիվ, բերման են ենթարկել:

