ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված իրավիճակին: Այս մասին Փաշինյանն ասաց հուլիսի 13-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ:
«ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերը ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

