Լրագրող Փաշինյանի համար մամուլը շանտաժի միջոց էր, վարչապետ Փաշինյանի համար՝ աչքի փուշ (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը և «Հրապարակ» թերթի քաղաքական մեկնաբան Էդիկ Անդրեասյանը:
Իշխանության համար ոչ հաճելի տեղեկատվություն տրամադրող լրատվամիջոցը, միշտ էլ տվյալ իշխանության աչքի փուշն է, բայց իշխանությունը պարտավոր է հարգել լրատվամիջոցների աշխատանքը, և պարտավոր է հաշվի նստել 4-րդ իշխանության հետ:
Անցած երկու տարում լրատվամիջոցների դեմ իշխանության պայքարը տարբեր դրսևորումներ ստացավ: Շատերս էինք հարց հնչեցնում՝ ինչո՞ւ է նախկին լրագրող, ներկայիս վարչապետ Փաշինյանն այդքան անհանդուրժող ԶԼՄ-ների հանդեպ։ Պատասխանը տվեց ինքը՝ Փաշինյանը, իր ասուլիսներից մեկում անկեղծանալով, թե իրեն իրականում լրագրող չի համարել, այլ քաղաքական գործիչ։ Ստացվում է՝ ժամանակին որպես լրագրող ներկայանալը, նա ծառայեցրել է կոնկրետ քաղաքական շահերի, նպատակների։ Իսկ ընդամենը վերջերս էլ հայտնի դարձավ, որ իր կողմից խմբագրված «Հայկական ժամանակ» օրաթերթը նաև շանտաժի միջոց է օգտագործվել։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս անկեղծացավ, թե իր ընտանիքը Նիկոլ Փաշինյանի շանտաժից ազատելու համար, ստիպված նրան վճարել է․ «Ես ձեզ ուզում եմ ամոթով խոստովանել, որ ես, որպեսզի ընտանիքս գոնե հանգիստ թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերն ինչ-որ սիստեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային վերադարձ»: Օրերս էլ Քաղավիացիայի նախկին աշխատակիցներից մեկը՝ Հասմիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը 1999-2001 թթ. շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում: Նման փաստերը, պարզվում է, քիչ չեն, գուցե կգա ժամանակը և մյուսները և՞ս «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ծրարով փող տալու մասին կհիշեցնեն․․․
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը, որը լրատվական դաշտը հեղինակազրկելու միտումով հատարարեց, թե․ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել: Տենց ա կառավարվել», ազնիվ կլինի, եթե սկսի իրենից ու խոստովանի՝ ո՞վ և որքա՞ն գումար է տվել թերթին՝ օձիքը շանտաժիստից ազատելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

