Շոյգուն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուսումնասիրության ավարտի ժամկետները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և Ն. Ֆ. Գամալեյի անվան ինստիտուտը հուլիսի վերջին կավարտեն կորոնավիրուսային վարակի դեմ նոր պատվաստանյութի հետազոտությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ հանդես գալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առջև զեկույցով:
«Շարունակվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ ստեղծելու Ն. Ֆ. Գամալեյի անվան ինստիտուտի հետ համատեղ աշխատանքը: Հունիսի 18-ից Ն. Ն. Բուրդենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հիվանդանոցի բազայում իրականացվում է պատվաստանյութի փորձարկում 38 կամավորների վրա: Հետազոտությունները կավարտվեն հուլիսի վերջին»,- ասել է Շոյգուն:
Կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկվել է կամավորների երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկված է 18 մարդ, նրանք պատվաստվել էին հունիսի 18-ին: Դրանցից 9-ին տրվել է դեղամիջոցի մեկ բաղադրիչ, մնացածին`երկրորդ բաղադրիչ:
Քսան կամավորների երկրորդ խումբը հունիսի 23-ին ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ: Փորձի մասնակիցների այս խումբը դեղը կստանա խթանող տարբերակով. երեք շաբաթից հետո ըստ ցուցումների՝ նրանց կտրվի պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը: Պատվաստումն անցել է պլանի համաձայն, ոչ ոք բողոք չունի: Կամավորների թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

