Ադրբեջանցիները կկրակե՞ն վրացիների վրա

Երբ անցած տարվա աշնանը մենք առաջին անգամ տեղեկացրել էինք Հայաստանի քաղաքացիներին այն մասին, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև խոշոր սկանդալ է հասունանում Դավիթ Գարեջոյի ուղղափառ վանքի շուրջ, մենք գրել ենք, որ տարօրինակ տպավորություն է ստեղծվում. Հայաստանը շրջապատող բոլոր երկրները ինչ-որ բանի են նախապատրաստվում: Թե ինչի, ըստ երևույթին, 2019 թ. ոչ ոք չէր պատկերացնում։ Բայց ահա եկել է 2020 թվականը, և ահա «կորոնավիրուսի գրոհը», որն ընդգրկել է նաև մեր Անդրկովկասը: Այնուամենայնիվ, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում «տարօրինակությունները» շարունակվում են: Օրինակ՝ հունիսի 2-ին հաղորդագրություններ են ստացվել, որ Վրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ թուրք-ադրբեջանցիները կազմում են բնակչության մեծամասնությունը, վերականգնվել է ադրբեջանցի պետական ​​գործիչ Ն. Նարիմանովի հուշարձանը, որը 1922 թ. որոշակի դեր է ունեցել վրացական շրջաններն Ադրբեջանին հանձնելու գործում: Այս համատեքստում, ինչպես նաև նրա սովետական-կոմունիստական ​​անցյալի ֆոնին, հատկանշական է, որ Վրաստանում հնարավոր եղավ վերականգնել, այսպես ասած, «կոմունիստի», իսկ գործնականում` մուսավաթականի հուշարձանը…

Արդյո՞ք դա տեղի է ունենում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, երբ պաշտոնական Թբիլիսին փորձում է խուսափել Բաքվի և Մառնեուլում բնակվող ադրբեջանցիների հետ բախումներից: Պատասխան դեռ չկա: Ի դեպ, հենց այս տարածքում էր համաճարակի խոշոր բռնկումներից մեկը: Վերջերս համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ իրենց զեկույցում վրացական հատուկ ծառայությունները հայտնում են որոշակի շրջանակների մասին, որոնք փորձում են հրահրել վրաց-ադրբեջանական բախումները Կախեթում: Ադրբեջանական քարոզչությունն անմիջապես փորձել է սլաքները շրջել հայերի վրա: Մենք չգիտենք, արդյոք վրացական հատուկ ծառայությունները «հավատացե՞լ են» ադրբեջանցիներին, թե ոչ: Բայց այստեղ կան նաև շատ այլ խնդիրներ, ոչ միայն հայերին վրաց-ադրբեջանական հարաբերությունների մեջ «խցկելու» Բաքվի փորձերը: Գործնականում, սակայն, Ադրբեջանը վաղուց բացահայտել է իրեն՝ դեռ 2018 թվականին ագրեսիվ պահվածք ցուցադրելով վրացական Կախեթի հետ սահմանին: Եվ խոսքը այն մասին չէ, որ Ադրբեջանում այդ տարածքները հռչակվել են ադրբեջանական, իսկ Թբիլիսին` հնագույն ադրբեջանական քաղաք: Եվ ոչ այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարողացել Թբիլիսիից առևանգել և առանց խոչընդոտների սահմանով անցկացնել Իլհամ Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողին՝ ապտակելով վրաց պետականությանը։

Խնդիրն այն է, որ 2019 թվականին Բաքուն սահմանային զորքեր էր ուղարկել սահման, որոնք, ինչպես գիտեք, սպառազինության առումով չեն տարբերվում ցամաքային զորքերի ստորաբաժանումներից: Ավելին, մի քանի ամիս առաջ հայտնվել են տեղեկություններ, որոնք ուղեկցվում էին արբանյակային լուսանկարներով, այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահները դիրքեր են գրավել Վրաստանում: Այսինքն՝ օկուպացրել են վրացական հողի մի մասը: Բաքուն փորձում է օգտագործել հայկական գործոնը վրաց-ադրբեջանական հակամարտության մեջ՝ բախումներ հրահրելու համար: Գործնականում վրացական հատուկ ծառայությունները նկատի են ունեցել, եթե ոչ ադրբեջանական, ապա թուրքական շրջանակները, որոնք գործում են Ադրբեջանի պետական ​​պաշտպանության ներքո: Բանն այն է, որ Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական ներկայությունը Վրաստանի հետ սահմանին` Վրաստանում ապրող ադրբեջանցիներին «պաշտպանելու» համար, եթե վրացիները բախվեն նրանց հետ: Ահա թե ինչու է պետք հակամարտություն հրահրել`Վրաստանի տարածք ներխուժելու «լեգիտիմ» իրավունք ստանալու համար: Ադրբեջանը այսպիսով կարող է շրջափակել Հայաստանի ճանապարհը դեպի Ռուսաստան, որն անցնում է Մառնեուլի շրջանով՝ միաժամանակ ձեռք բերելով նոր դիրքեր հայկական Տավուշի մարզի հետ կապված:

Վրացական տարածքում ադրբեջանցի սահմանապահների սադրանքները, Դավիթ Գարեջո վանքի փաստացի գրավումն ու կողոպուտը, այնուամենայնիվ, արդեն վրդովվեց վրաց ուղղափառ շրջանակներին: Հունիսի 3-ին հայտնի է դարձել, որ «Վրացական մարշ» հայրենասիրական  կազմակերպությունը նախատեսում է ակցիա անցկացնել Դավիթ Գարեջոյում, և հասկանալի է, թե ինչու: Չէ՞ որ վանքը ուժով է գրավվել ադրբեջանցի սահմանապահների կողմից: Հունիսի 4-ին Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ «Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են սադրանք իրականացնել» վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող պատմամշակութային պետական ​​արգելոց Դավիթ Գարեջոյի (Քեշիքչիդաղ) տարածքում»: Բաքուն հայտնել է, որ այդ մասին տեղեկացրել է Վրաստանի պետական ​​սահմանային ոստիկանությանը՝ նախազգուշացնելով, որ «ցանկացած սադրանք պետական ​​սահմանում վճռականորեն ճնշվելու է, և հնարավոր հետևանքների համար պատասխանատու կլինեն սադրանքների կազմակերպիչները»: Մենք դժվարանում ենք ասել, արդյո՞ք դա նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ձգտել են վերադառնալ իրենց տարածք՝ այցելելով իրենց վրացական վանքը, հանդիպելու են ադրբեջանցի սահմանապահների կրակահերթերի: Բայց համաձայնենք, որ իրավիճակը մտահոգիչ է, և պետք է ենթադրենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացումը գտնվում է Հայաստանի սահմանապահ զորքերի, ռազմական հետախուզության և մեր հանրապետության այլ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հնարավոր է, որ Ադրբեջանի Սահմանային ծառայության կողմից վրացիներին վախեցնելու փորձը և ահաբեկումը կձախողի «Վրացական մարշ» կազմակերպության ծրագրերը: Այնուամենայնիվ, հակամարտության թարախակույտը աճել է, և «թարախը պետք է դուրս գա»: Թե ինչպե՞ս է դա տեղի ունենալու՝ կտեսնենք…

Սերգեյ Շաքարյանց