ԱՄՆ պետքարտուղարը որոշել է հրաժարվել Իրանի հետ գործարքից. NBC News

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշում է կայացրել հրաժարվել Իրանի հետ գործարքից Պակիստանում կայացած ապրիլյան բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տվյալներով՝ բանակցությունների ընթացքում ամերիկացի բանակցողները գտել են, որ իրանական կողմը փորձում է փոխել հնարավոր պայմանավորվածության պայմանները։ Հանդիպումների միջև ընդմիջմանը նրանք զանգահարել են Ռուբիոյին՝ իրենց հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ ստանալու համար։ Պետքարտուղարն ասել է, որ իրենք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը և որ գործարք չի լինելու։

Հեռուստաալիքը նշում է, որ Ռուբիոն Իրանի հետ բանակցությունների դեմքը չէ և ձգտում է ստվերում մնալ, քանի դեռ այս ոչ հանրաճանաչ պատերազմը շարունակվում է։ Այնուամենայնիվ, պետքարտուղարը մնում է կուլիսների հետևում բանակցային գործընթացի կարևոր մասնակից և օգնում է ձևավորել ամերիկյան վարչակազմի ռազմավարությունը, հավելել է NBC News-ը։