Համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում համազգային հարցերի շուրջ պետք է ձևավորել միասնական օրակարգ. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության անդամների հետ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանն ասել է, որ հանդիպումների հիմնական նպատակը ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի շուրջ միասնական օրակարգ ձևավորելն ու այդ հարցերի շրջանակում համագործակցելն է:

«Ազատ Հայրենիք» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները համապետական ընտրություններին մասնակցել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով: Այս համատեքստում Ա. Թովմասյանը կարևորել է համագործակցությունը և ողջունել կուսակցությունում երիտասարդների զգալի ներգրավվածությունը:

Իր հերթին «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել նման հանդիպումների շարունակական անցկացումը:

Ա. Հարությունյանը ողջունել է համերաշխության և հանդուրժողականության ուղերձի շրջանակում միասնական օրակարգի ձևավորումը: